Իրաքում մեկ օրում 130 ահաբեկիչ է ոչնչացվել
ՄիջազգայինԻրաքյան օդային ուժերը մեկ օրվա ընթացքում՝ հուլիսի 16-ին, Անբարի նահանգում «Իսլամական պետության» 130 ահաբեկիչների են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Հարվածներն ուղղվել են ալ Խալիդիա քաղաքի ուղղությամբ, որտեղ 60 ծայրահեղականներ են սպանվել, ինչպես նաև ոչնչացվել են 14 ականապատ փոխադրամիջոցներ և 8 դիրքեր»,- նշել է նախարարությունը՝ ավելացնելով, որ Ռամադի քաղաքի գործարանի մոտ օդային հարվածներից 70 ահաբեկիչ է սպանվել:
Տեղեկություններ կան, որ իրաքյան բանակն Անբարի նահանգում երեք շրջաններ է ազատագրել Ռամադի և Խալիդիա քաղաքների մերձակայքում:
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի Պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը: