Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում գյուղոլորտի մասնագետներ կպատրաստվեն
ՄիջազգայինԱդրբեջանի դիվանագիտական ակադեմիայի (ADA) եւ գյուղատնտեսության նախարարության միջեւ մասնագետների պատրաստման գծով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի համաձայն` դիվանագիտական ակադեմիան պետք է մասնագետներ պատրաստի գյուղնախարարության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը:
ADA-ի ռեկտոր Հաֆիզ Փաշաեւը, ով ի դեպ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հարազատ հայրն է, այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ 2015 թվականը հայտարարվել է գյուղատնտեսության տարի: «Դրա համար կիրթ կադրեր են պետք, եւ մենք պարտավորվում ենք նրանց պատրաստել գյուղնախարարության համար», -ասել է նա:
Իր հերթին Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Հեյդար Ասադովը հայտարարել է, որ իրենք նոր կրթված կադրերի կարիք ունեն, եւ ADA-ում նրանց պատրաստումը խիստ կարեւոր է:
Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել, թե հատկապես ինչ մասնագետներ պետք է դիվանագիտական ակադեմիան պատրաստի գյուղնախարարության համար:
Ադրբեջանի դիվանգիատական ակադեմիան ստեղծվել է 2006 թվականին: 2014 թվականին նրա կարգավիճակը փոխվել է, եւ այնվերանվանվել է «ADA համալսարան»: ADA-ի կազմում գործում են 4 ինստիտուտներ` Հաարակական եւ միջազգային կապերի ինստիտուտ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, Բիզնեսի ինստիտուտ, Հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների ինստիտուտ:
«Թուրան» լրատվական գործակալությունն այդ առնչությամբ հեգնանքով գրում է, որ բարդ է հասկանալ, թե այդ ինստիտուներից որն է անասնաբույժներ եւ կենդանաբույծներ պատրաստելու գյուղնախարարության համար, բայց նախարար Հեյդար Ասադովին հավատալու դեպքում կարելի է ասել, որ նրանք լինելու են «միջազգային չափանիշի» մասնագետներ: