Անհրաժեշտ է ինտենսիվացնել ԼՂ խնդրով բանակցությունները. Լավրով
ՄիջազգայինԵկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հուլիսի 17-ին տեղի ունեցած հանդիպումից հետո: «Հիմքեր կան համ արելու, որ եկել է մեր ջանքերն ինտեսնսիվացնելու ժամանակը», -ասել է Լավրովը:
Նա հայտարարել է, որ հաշվի առնելով արդյունքի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունն ու նպատակաուղղվածությունը, «մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»:
Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ ավարտված երկարատեւ բանակցությունները հույս են տալիս, որ կարող է լուծվել նաեւ ղարաբաղյան խնդիրը: «Կարգավորումը դրվում է շուտափույթ ճեղքման ռելսերի վրա», -ասել է նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ-ին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականցման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:
1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված համաձայնագիրը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության: