54 տարի անց Վաշինգտոնում կբացվի Կուբայի դեսպանատունը
ՄիջազգայինՎաշինգտոնում երկուշաբթի օրն ազգային հիմնի ներքո կբարձրացվի Կուբայի դրոշը։ Այդ օրը ԱՄՆ-ի մայրաքաղաքում կրկին պաշտոնապես կբացվի Կուբայի դեսպանատունը։
«Կարճ, սակայն հանդիսավոր» արարողությանը ներկա կլինեն 30 բարձրաստիճան կուբացի պաշտոնյաներ և մոտ 500 հրավիրված հյուրեր»,– հայտնել է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես փոխանցում է pravda.ru-ն՝ հուլիսի 20-ին պաշտոնապես կվերականգնվեն հարաբերությունները երկու երկրների միջև։
Կուբայի ազգային պատվիրակությունը, որը ներկա կլինի հանդիսավոր արարողությանը, կգլխավորի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։
Կուբայի դեսպանատունը կբացվի այն նույն շենքում, որտեղ այն նախկինում ներկայացված է եղել։
Հավանայում ԱՄՆ դեսպանատան բացման ամսաթիվը լրացուցիչ կքննարկվի երկու երկրների իշխանությունների կողմից։ Այդ արարողությանը նույնպես հրավիրվել է մոտ 500 մարդ, ովքեր այս տարիների ընթացքում փորձել են հասնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ հայտարարել է, որ Հավանայում ԱՄՆ դեսպանատունը կբացվի մոտ ժամանակում։ Իսկ բացման արարողությանը կմասնակցի պետքարտուղար Ջոն Քերին։