Թուրք-սիրիական սահմանին ուժգին պայթյուն է որոտացել
ՄիջազգայինԹուրք-սիրիական սահմանի մերձակայքում հուլիսի 20-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սուրուջ գյուղաքաղաքի մշակու թային կենտրոնի մերձակայքում: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում պայթյունի պատճառի վերաբերյալ, նախնական տեղեկություններով՝ զոհերի թիվը գերազանում է 20-ը, իսկ վիրավորներինը՝ մի քանի տասնյակը:
Թուրքական Սուրուջ գյուղաքաղաքը գտնվում է սիրիական Քոբանի գյուղաքաղաքից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ սիրիական բանակը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքի մերձակայքում օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» 6 ահաբեկիչների է ոչնչացրել, այդ թվում՝ մեկ ղեկավարի: Աղբյուրը պարզաբանում է, որ ռմբակոծման թիրախում է հայտնվել մեքենան, որը տեղափոխում էր ծայրահեղականներին:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: