Մինսկի խմբի համանախագահները Վիեննայից մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը
ՄիջազգայինՀայաստան կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 23-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է Ուորլիքը:
Հուլիսի 19-ին Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Հայաստան, որտեղ հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ապա համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ: