Սիրիական բանակը հաջողությունների է հասել Հասաքեում
ՄիջազգայինՍիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը ամբողջության վերահսկողություն է հաստատել Հասաքե քաղաքի Ղույրան թաղամասի հարավ-արևելյան ծայրամասերում գտնվող մի քանի շինությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողություններն իրականացնելու ժամանակ ոչնչացվել են «Իսլամական պետության» վերջին «որջերը»:
Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիական զինված ուժերը Դարաայում լուրջ վնասներ են հասցրել ահաբեկչական կազմակերպություններին: Մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել Յադուդա գյուղաքաղաքում, Միկաս ալ Հաջր շրջանում: Թել Զաաթարի արևմուտքում շենքեր են ոչնչացվել, որտեղից ահաբեկիչները ռմբակոծում էին քաղաքի բնակելի թաղամասերը:
Հալեպի նահանգում, մասնավորապես ռազմաօդային ակադեմիայի շրջակայում, Շեյխ Լուտֆի, Բայանուն, Բուսթան ալ Կասր, առ Ռաշիդին, Բանի Զեյդ թաղամասերում բանակը լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին՝ ոչնչացնելով նրանց մեքենաներն ու ռազմական տեխնիկան:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: