Քեմալականները հստակեցրել են Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիայի համար բանակցող խմբի կազմը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում զբաղեցրած պատգամավորական աթոռների թվով երկրորդ տեղը զբաղեցնող Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) որոշակի է դարձրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների համար իր պատվիրակության կազմը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս»-ը` նշելով, որ ծրագրվում է այդ հետախուզական կոալիցիոն բանակցություններին հատկացնել 10-15 օր:
Թուրքական «Ենի Շաֆաք» թերթին այսօր տված հարցազրույցում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի բացառել Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն վստահելի է երեւում: Դավութօղլու հետ կոալիցիայի ստեղծումը հավանական է», -ասել է նա եւ միաժամանակ հավելել, որ չնայած դրան, արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւս հնարավոր են:
ԺՀԿ նախկին նախագահ Դենիզ Բայքալն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կուսակցությունների` ԺՀԿ-ի, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ ԱԶԿ-ի կողմից անցկացվող բանակցությունները ձեւական բնույթ են կրում, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անխուսափելի է:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին այժմվանից պատրաստվելու մասին հայտարարել է նաեւ ԱՇԿ առաջնորդ Դեւլեթ Բահչելին:
ԺԴԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարել էր, որ ԱԶԿ-ն ոչ մի պարագայում կոալիցիայի մեջ չի մտնի քրդական կուսակցության հետ: