Ադրբեջանի ԶՈւ տասնյակ զինծառայողներ կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել
ՄիջազգայինԱդրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը հայտարարել է, որ զինված ուժերի շարքերում կոռուպցիոն գործողությունների համար 43 զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալութունը, այս մասին Վելիեւը հայտարարել է Ռազմական դատախազությունում 2015 թվականի առաջին կեսում կատարված աշխատանքների արդյունքների եւ սպասվող խնդիրների հետ կապված օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին դատախազության կողմից բացահայտվել են հատուկ ծանր, բարդ եւ բազմադրվագ հանցավոր գործողություններ, որոնց մեծ մասի վերաբերյալ հետաքննությունն արդեն ավարտվել է եւ հանձնվել դատարաններ:
«Հաշվետու ժամանակաշրջանում խոշոր չափերի հասնող պետական ունեցվածքի հափշտակման մի շարք գործերի վարույթն արդեն ավարտվել է, եւ մեղավորները քրեական պատասխանատվության են ենթարկվել: Հետաքննության ընթացքում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հասցված նյութական վնասի 82,3 տոկոսը վերադարձվել է: Հետքննչական մարմինները ԶՈւ շարքերում անցկացված 63 ստուգումների ժամանակ բացահայտել են 1064 խախտում, 125 մարդ զգուշացվել է, բացվել է 30 քրեական գործ, 203 մարդ կարգապահական տույժի է ենթարկվել», -ասել է նա: