ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն կարող է կայանալ 2016թ. ամռանը
Միջազգայինnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարող է Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեն նշանակել 2016 թվականի հունիսին: Այս մասին գրում է Independent պարբերականը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին:
Քեմերոնի կառավարությունը ցանկանում է հասնել Եվրամիությունում անդամության պայմանների վերանայմանը: Պաշտոնյաների խոսքով, այն, որ ԵՄ-ից Բրիտանիայի հնարավոր դուրս գալու գաղափարին Բրյուսելում բացասաբար են վերաբերվում, կարող է առիթ դառնալ, որ Լոնդոնի նախաձեռնած բարեփոխումներին, ամեն դեպքում, ըմբռնումով մոտենան:
Եվրամիության բարեփոխումների շուրջ բրիտանական կառավարության ցանկությունների ցանկը ներառում է, մասնավորապես, ԵՄ-ի ներսում ավելի մեծ ազգային-պետական ինքնավարության տրամադրումը, այդ թվում՝ ազգային խորհրդարանների աշխատանքի առումով, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության փոփոխությունը:
Նշվում է, որ Քեմերոնը կարող է այդպիսով օգտագործել սեփական երկրում հանրաքվեի անցկացման փորձը, երբ Շոտլանդիային բարեփոխումների փաթեթ առաջարկեցին՝ թագավորության կազմից դուրս գալուն դեմ քվեարկելու փոխարեն:
Ըստ Lenta.ru-ի, հանրաքվեի անցկացման ժամկետը կարող է հայտարարվել հոկտեմբերին, Մանչեսթերում Պահպանողական կուսակցության հավաքին Քեմերոնի ելույթի ընթացքում: