Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ և Իրաքի նախագահների հետ
ՄիջազգայինԹուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակ ալությունը:
Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները և դրանց դեմ իրականացված գործողությունները: ՌԴ նախագահի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Սիրիայի ներսում տեղի ունեցող քաոսային իրավիճակը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցը տևել է շուրջ 20 րոպե: Նշվում է, որ Սիրիայի հարցում կողմերն ունեցել են տարակարծություններ: Կողմերը պայմանավորվել են նոյեմբերին Անթալիայում կայանալիք G-20 հավաքի ժամանակ հանդիպել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Թուրքիայի ահաբեկչություններն ու դրանց դեմ պայքարի հարցը քննարկվել է նաև իրաքյան կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցում: Շուրջ 30 րոպե կողմերն առանձնահատուկ տեղ են տվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի մասին քննարկումներին: Մասումն ընդգծել է, որ քուրդ զինյալների գործողությունները վնասում են տարածաշրջանի անվտանգությանը, իսկ Էրդողանը կոչ է արել քուրդ զինյալներին վայր դնել զենքերը: