Թուրքական կործանիչները Հյուսիսային Իրաքում ռմբակոծել են քրդերի դիրքերը
ՄիջազգայինԹուրքական օդային ուժերը հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության օբյեկտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, օդային հարվածները սկսվել են հուլիսի 28-ի երեկոյան և շարունակվել ողջ գիշեր: Ռումբերն ուղղվել են լեռնային Կանդիլ շրջանի ուղղությամբ, որտեղ գտնվում են քրդական բազաները: Ռազմական գործողություններին մասնակցել են 15 կործանիչներ:
Ռմբակոծվել են իրաքյան վեց շրջաններ: Թուրքական կործանիչների թիրախում են հայտնվել ռազմական ճամբարներ, հրամանատարական կենտրոններ: Օգտագործվել են հատուկ ռումբեր, որոնք ընդունակ են կործանել ստորգետնյա թաքստոցները:
Ավելի վաղ հուլիսի 24-ին Թուրքական կործանիչները հարվածներ էին հասցրել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի տարածքում: Հարվածներն ուղղվել են թուրք-սիրիական սահմանի մերձակայքից, սակայն գտնվել են թուրքիայի օդային տարածքում: