Իրանը խստորեն քննադատել է PKK-ի դեմ Թուրքիայի հարձակումները
ՄիջազգայինԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին խստորեն քննադատել է Թուրքիայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարների ռմաբահարումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի հեղափոխության պահապանների պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ, գնահատելով PKK-ի եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիքերի վրա Թուրքիայի օդուժի հարվածները՝ Ֆիրուզաբադին ասել է. «ԻՊ-ի ահաբեկիչների դեմ գործողությունների անվան տակ այդ կազմակերպությանը դիմակայող քրդական խմբավորումներին Թուրքիայի կողմից թիրախ դարձնելը ռազմավարական սխալ է: Այդ սխալը դյուրին կդարձնի ջիհադական իսլամիստների՝ Թուրքիայի սահմաններին հասնելը»:
Նշելով, որ ԻՊ-ը ցանկանում է գերիշխող ուժ դառնալ բոլոր իսլամական երկրներում՝ Ֆիրուզաբադին հավելել է. «Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Կատարն այդ հարցում բացառություն չեն: Անհավատ ահաբեկչական խմբերին արվող օգնությունը վաղ, թե ուշ սպառնալու է նաեւ այդ երկրների անվտանգությանը»: