Կանխվել է Վրաստանից Թուրքիա խոշորագույն մաքսանենգությունը
ՄիջազգայինԹուրքական իշխանությունները Վրաստանի հետ Սարպի անցակետում առգրավել են 7,9 մլն դոլար արժողությամբ սիգարետի 3,5 միլիոնից ավելի տուփ, որը երկրի պատմության մեջ այդ ապրանքի ամենախոշոր մաքսանենգ խմբաքանակն է:
Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ասվում է Թուրքիայի առեւտրի եւ մաքսային ծառայության նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
«Վրաստանի հետ սահմանին Սարպի հսկիչ-անցագրային կետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն մաքսանենգ սիգարետի խմբաքանակի ներկրումը: Հինգ բեռնատարներ տեղափոխում էին 22 մլն թուրքական լիրա (7,9 մլն դոլար) արժողությամբ սիգարետի 3,5 մլն տուփ», -ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործողությունը նախապատրաստվել էր երեք ամիսների ընթացքում եւ հետախուզության մասնակցությամբ անցկացվել է մաքսային հսկողության եւ մաքսանենգության դեմ պայքարի ծառայության աշխատակիցների կողմից: Գործողության ընթացքում բերման են ենթարկվել 15 մարդ, այդ թվում` մաքսատան 5 աշխատակիցներ: