Կանխվել է Վրաստանից Թուրքիա խոշորագույն մաքսանենգությունը
Международные новостиԹուրքական իշխանությունները Վրաստանի հետ Սարպի անցակետում առգրավել են 7,9 մլն դոլար արժողությամբ սիգարետի 3,5 միլիոնից ավելի տուփ, որը երկրի պատմության մեջ այդ ապրանքի ամենախոշոր մաքսանենգ խմբաքանակն է:
Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ասվում է Թուրքիայի առեւտրի եւ մաքսային ծառայության նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
«Վրաստանի հետ սահմանին Սարպի հսկիչ-անցագրային կետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն մաքսանենգ սիգարետի խմբաքանակի ներկրումը: Հինգ բեռնատարներ տեղափոխում էին 22 մլն թուրքական լիրա (7,9 մլն դոլար) արժողությամբ սիգարետի 3,5 մլն տուփ», -ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործողությունը նախապատրաստվել էր երեք ամիսների ընթացքում եւ հետախուզության մասնակցությամբ անցկացվել է մաքսային հսկողության եւ մաքսանենգության դեմ պայքարի ծառայության աշխատակիցների կողմից: Գործողության ընթացքում բերման են ենթարկվել 15 մարդ, այդ թվում` մաքսատան 5 աշխատակիցներ: