Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Կանանց եվրասիական համաժողովը
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում մեկնարկում է Կանանց եվրասիական համաժողովը, որը նվիրված է տնտեսությանը, քաղաքականությանը եւ սոցիալական ինտեգրացմանը կանանց մասնակցության ընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հաղորդել է ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունը:
«Կանանց եվրասիական համաժողովում քննարկման հիմնական թեման կդառնան սոցիալական անվտանգության եւ կայուն զարգացման, միջազգային համագործակցության, տնտեսությանը, քաղաքականությանը, սոցիալական ինտեգրացմանը կանանց մասնակցության ընդլայնման հարցերը: Ծրագրում ընդգրկված են լիագումար նիստեր, բանավեճեր եւ ցուցահանդեսներ, հումանիտար եւ բարեգործական նախագծերի շնորհանդեսներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Տավրիկյան պալատի Դումայի սրահում կկայանա «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» համաժողովի եւ լիագումար նիստի բացումը, որը կվարի ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցների թվում են պատգամավորներ, իշխանության գործադիր մարմինների, գործարար շրջանների, գիտական հանրակցության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ:
Կանանց եվրասիական համաժողովը Սանկտ Պետերբուրգում կաշխատի սեպտեմբերի 24-ին եւ 25-ին: