Ռուսաստանը, Ուկրաինան ու ԵՄ-ը գազի շուրջ պայմանավորվածություն են ձեռքբերել
ՄիջազգայինՎեց ժամ տեւած բանակցություններից հետո Ռուսաստանը, Ուկրաինան ու ԵՄ-ը համաձայնեցրել են ձմեռային ամիսներին գազի մատակարարումների պայմանները, բայց ամփոփիչ փաստաթուղթը չեն ստորագրել: Ըստ բանակցությունների մասնակիցներ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակի ու Վլադիմիր Դեմչիշինի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հայտարարությունների՝ Ուկրաինայի համար գազի պայմանագրային սակագնի զեղչը կկազմի մոտավորապես 20 դոլար հազար խորանարդ մետրի համար: Վերջնական սակագինը կլինի 232 դոլար հազար խորանարդ մետրի համար:
Ընդ որում նման զեղչ գործելու է միայն չորրորդ եռամսյակի համար: Մոտ ժամանակներս Ուկրաինան «Գազպրոմից» 2 մլրդ խորանարդ գազ կգնի ՝ ստորգետնյա պահեստները ներբեռնելու համար, որի համար Կիեւը պետք է 500 մլն դոլար վճարի: Մարոշ Շեֆչովիչի խոսքով, այդ գումարը «Նավթոգազին» կտրամադրի Ուկրաինայի կառավարությունը: Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Կիեւին այդ գումարը տրամադրելու է Եվրահանձնաժողովը: Վլադիմիր Դեմչիշինն էլ իր հերթին հայտարարել է, որ այդ 500 մլն-ը արդեն փոխանցված է «Նավթոգազի» հատուկ հաշվեհամարին:
Անցած շաբաթ Կիեւը այդ գումարին համարժեք տրանշ էր ստացել Համաշխարհային բանկից, սակայն պաշտոնապես այն տրամադրվել էր երկրի բանկային համակարգի կայունացման, այլ ոչ թե գազ գնելու համար, նշում է «Կոմերսանտը»:
Հանդիպման արդյունքներով կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, միայն համաձայնեցրել են համաձայնագրի նախագիծը: