Պուտինի եւ Օբամայի հանդիպումը կարող Է նպաստել Դոնբասի խաղաղությանը. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուսով Է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կնպաստի այն համաձայնագրերի ավելի արդյունավետ կատարմանը, որոնք նպատակամղված են Դոնբասում խաղաղության հաստատմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Պորոշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները կարող են «ավելի ուժեղ խթանիչ միջոց» դառնալ Մոսկվայի համար՝ հետեւելու հրադադարի եւ սպառազինությունների հետքաշման վերաբերյալ Մինսկում ստորագրված համաձայնագրերին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ կկայանա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների լիաֆորմատ հանդիպումը: Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրենց ելույթներից հետո կանցկացնեն մոտավորապես մեկ ժամանոց զրույց, որը Մոսկվայի ժամանակով կսկսվի կեսգիշերին մոտ:
Վերջին անգամ Պուտինը եւ Օբաման բանակցություններ են վարել 2013 թվականի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Այն ժամանակ զրույցի գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: