Փախստականների խնդիրը գլոբալ բնույթ է ստացել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄիջազգայինԱշխարհը դարձել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների խոշորագույն ալիքի վկան. ավելի քան 60 մլն մարդ զրկվել է օթեւանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, միգրացիայի խնդրին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Փախստականների խնդիրը գլոբալ բնույթ է ստացել,- ընդգծել է նա:- Մենք պետք է այդ հիմնախնդրի լուծման մոտեցում մշակենք՝ հիմնվելով մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքի պահպանման սկզբունքների վրա»:
Պան Գի Մունի խոսքով՝ նման մոտեցում մշակելիս անհրաժեշտ է ղեկավարվել որոշակի սկզբունքներով: «Ամենագլխավորը փախստականների կյանքը պահպանելն է,- նշել է նա:- Հարկավոր է նաեւ թույլ չտալ խտրականություն եւ միատեսակ վերաբերվել թե փախստականներին, թե տեղահանվածներին: Բացի այդ, փախստականներին ընդունող երկրներին անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք եւ բաշխել պատասխանատվությունը ժամանող փախստականների ու էմիգրանտների ընդունման համար»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, որոնք զբաղվում են մարդկանց ընդհատակյա փոխադրումներով, եւ կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ նախապատրաստվել «այն նոր մարտահրավերներին, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: