ԱՄՆ-ի Կոնգրեսում արգելել են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը Սպիտակ տանն արգելում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, քանի դեռ Թեհրանը չի վճարել իր դեմ հարուցված բոլոր հայցերի գծով, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Նախաձեռնության տեքստի համաձայն՝ Իսլամական Հանրապետությունը պարտավոր է կատարել 2000 թվականի մայիսի 4-ից մինչեւ 2015 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակաշրջանում դատարանների կողմից նրա դեմ ընդունված բոլոր որոշումները: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամերիկյան վարչակազմի ղեկավարը չի կարողանա չեղյալ հայտարարել ավելի վաղ կիրառված սահմանափակումները: Այլ խոսքով՝ օրինագիծն ԱՄՆ-ին թույլ չի տալիս կատարել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի միջեւ ստորագրված համաձայնագրի իր մասը:
Ավելի վաղ Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ նման միջոցները «լրջորեն խախտում են ազգային անվտանգության մեջ շահերը»: «Դա կհանգեցնի համապարփակ դիվանագիտական համաձայնագրի կոլապսին, որը Իրանին զրկում է միջուկային զենք ստանալու հնարավորությունից», նշել են Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: