Ավստրալիայում ոստիկանի սպանությունը ահաբեկչություն է ճանաչվել
ՄիջազգայինԱվստրալիայի ոստիկանությունը Սիդնեյում քաղաքացիական ոստիկանի սպանությունը որակել է որպես ահաբեկչություն։ Այս մասին հայտարարել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսար Էնդրյու Սիփիոնեն։
Հանցագործությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ի երեկոյան Սիդնեյի արեւմտյան հատվածում։ Անհայտ անձը մոտեցել էր ոստիկանական տեղամասին եւ կրոնական կարգախոսեր բացականչելով՝ կրակել տեղամասից դուրս եկող ոստիկանության քաղաքացիական ծառայակցի վրա։ Դրանից հետո չարագործը սկսել էր անկանոն կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանք պատասխան կրակ էին բացել եւ սպանել նրան, գրում է ՏԱՍՍ-ը։
Սիփիոնեի խոսքով՝ հարձակվողը Իրանում ծնված 15-ամյա դեռահաս է եղել։ «Մենք կարծում ենք, որ նրա գործողությունները քաղաքական դրդապատճառներ են ունեցել եւ հետեւաբար կապ ունեն ահաբեկչության հետ»,- ասել է կոմիսարը։