Անկարայում Ռուսաստանի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
ՄիջազգայինԹուրքիայի օդային սահմանը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից խախտելու հարցի առնչությամբ Անկարայում ՌԴ դեսպանը երկրորդ անգամ է կանչվել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ դեսպանին ներկայացվել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ անցկացված անվտանգության խորհրդի արդյունքներով ընդունված փաստաթղթի մանրամասները, ինչպես նաև հերթական անգամ հիշեցրել են Թուրքիայի օդային սահմանը չխախտելու կարևորությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են նաև, որ պատրաստ են Անկարայում հանդիպել ռուսական ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հետագայում նման դեպքերից խուսափելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Թանժու Բիլգիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական և թուրքական կողմերը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ: