Վրաստանի վարչապետն անակնկալ այց է կատարել Ադրբեջան
ՄիջազգայինՉծրագրված այցով հոկտեմբերի 10-ին Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես հաղորդում է «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտներում երկկողմանի համագործակցության հարցեր:
Ղարիբաշվիլիի այցը Բաքու այնպիսի անակնկալ բնույթ է կրում, որ այցի մասին անգամ վրացի վարչապետի գրասենյակը հայտնել է այն ժամանակ, երբ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, իսկ վրացական ԶԼՄ-ները Ղարիբաշվիլիի Բաքու այցի մասին իմացել են ադրբեջանական ԶԼՄ-ներից:
Իրականում Վրաստանի վարչապետի այցը Բաքու չի կարելի անսպասելի համարել: Վերջին օրերին վրացական մի քանի պաշտոնական անձինք բացահայտել են ադրբեջանական գազի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու Վրաստանի ծրագրերը: Այդպիսի հայտարարությունների լույսի ներքո կարելի էր ենթադրել, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի հանդիպումում կկայանա: