Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերը մինչեւ 2016 թվականի ավարտը կմիացվեն
ՄիջազգայինԱդրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհները մինչեւ 2016 թվականի վերջ կմիացվեն:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, մեկնաբանելով հոկտեմբերի 9-10-ին անցկացված Աստարա-Աստարա ադրբեջանա-իրանական հանդիպման արդյունքները, իրանցի նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ նպատակով պետք է 7 կմ երկարությամբ, իսկ իրանական կողմը` 2 կմ երկարությամբ երկաթուղագիծ կառուցեն:
«Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ առաջիկա 10 օրում կսկսի այդ գործընթացը: Աստարա գետի վրա պետք է կամուրջ կառուցվի, ինչպես նաեւ` 4 մլն տ ներուժով մաքսային տերմինալ»,- ասել է նա:
Խոսելով Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի շինարարության մասին` նա նշել է, որ դրա հետ կապված ախատանքները դեռեւս չեն սկսվել:
«Ներկայում Ռեշտ-Աստարա երկաթուղագծի շինարարության ֆինանսավորման հարցով Ռուսատանի եւ Չինաստանի հետ բանակցություններ են տարվում: Այդ երկաթուղային ճանապարհի երկարությունը կկազմի 170 կմ: Արդյունքում Պարսից ծոցի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղագծերը կմիանան իրար եւ բեռներ կփոխադրվեն», -ասել է իրանցի դեսպանը: