Թուրքիայում մահապարտների ցուցակ կա. Դավութօղլու
ՄիջազգայինԹուրքիայում պոտենցիալ մահապարտների որոշակի ցուցակ կա:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Դավութօղլուն:
Դավութօղլուի խոսքով` երկրի անվտանգության մարմինները հետեւում են նրանց:
Անկարայում շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) զգուշացրել էր երկրում կրկնական ահաբեկչական գործողությունների իրագործվելու հհնարավորության մասին:
MIT-ի տվյալներով` եւս 20 ահաբեկիչ-մահապարտներ պատրաստվում են ահաբեկչական գործողությունների Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Պատասխանելով Անկարայում պայթյունների հեղինակների հայտնաբերման մասին հարցին, Դավութօղլուն ասել է, որ միջադեպի վայրում հայտնաբերված երկու մահապարտներից մեկի անունը տանում է դեպի մի կազմակերպություն, որի անվանունը կհայտարարվի ահաբեկչական գործողությունն այդ կառույցի կողմից իրագործվելն ապացուցվելուց հետո:
Անկարայում պայթյունների հետեւանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 97, վիրավորվել 246 քաղաքացի:
LifeNews կայքը հայտնում է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորների թիվը` մոտ 400-ի:
Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) տվյալներով` պայթյունների հետեւանքով զոհվել է 128, վիրավորվել 516 մարդ: