Սերբիան եւ Կոսովոն հավաստել են հարաբերությունների նորմալացման պարտավորությունները
ՄիջազգայինՍերբիայի եւ Կոսովոյի վարչապետներ Ալեքսանդր Վուչիչը եւ Իսա Մուստաֆան Բրյուսելում կայացած հանդիպմանը հավաստել են հարաբերությունների նորմալացման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման պարտավորությունները, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Երկու վարչապետները քննարկում են անցկացրել երկխոսության իրավիճակի, մասնավորապես, օգոստոսի 25-ի պայմանավորվածությունների իրագործման շուրջ: Կողմերը հավաստել են նաեւ ավելի վաղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման պարտավորությունները»,- ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Վուչիչի եւ Մուստաֆայի ոչ պաշտոնական ընթրիքի արդյունքների վերաբերյալ Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսին Մոգերինիի միջնորդությամբ Բրյուսելում կայացած բանակցությունները կողմերին թույլ տվեցին կնքել չորս համաձայնագիր: Դրանցից կարեւորագույնը Կոսովոյի եւ Մետոքիայի սերբական համայնքների հանրակցության մասին համաձայնագիրն է, որն ստեղծվում է Կոսովոյում սերբական ազգային փոքրամասնության դերն ուժեղացնելու համար:
Կոսովոյի ալբանական իշխանությունները Սերբիայից անկախություն են հռչակել 2008 թվականին: Սերբիան չի ճանաչում ինքնահռչակ հանրապետության անկախությունը, սակայն Բրյուսելի ճնշման ներքո եւ Եվրամիության հետ տարածաշրջանի մերձեցման նպատակով, ինչպես նաեւ երկրամասի հասարակ քաղաքացիների կյանքը թեթեւացնելու համար 2011 թվականին հարկադրված էր ԵՄ-ի միջնորդությամբ Կոսովոյի ալբանների հետ բանակցություններ սկսել հարաբերությունների նորմալացման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: