ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը դատապարտել է Կասպից ծովից ռուսաստանյան հրթիռների արձակումը ԻՊ-ի դիրքերի վրա
ՄիջազգայինԱդրբեջանն ԱՄՆ-ում իր դեսպան Էլի Սուլեյմանովի բերանով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիքերի վրա հրթիռների արձակումը Կապից ծովից:
Ինչպես հաղորդում է The Salt Lake Tribune թերթը, Յուտա նահանգի համալսարանում «Ամերիկայի դերն աշխարհում» թեմայով կազմակերպված գիտաժողովում ունեցած ելույթում Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ «Վաշինգտոնի հստակ, ուժեղ եւ հետեւողական քաղաքականությունը հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության պաշտպանության բանալին, հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի վերջին ռազմական գործողությունները»:
Նրա խոսքով` Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին եւ Իրանին, որոնց ագրեսիվ գործողությունները շատ դեպքերում զսպվում են ԱՄՆ-ի կողմից:
Ադրբեջանցի դեսպանն իր խոսքում հիշեցրել է Ռուսաստանի կողմից Ղրիմի «զավթումը», ինչպես նաեւ Սիրիայում ԻՊ-ի թիրախները ոչնչացնելու համար Կասպից ծովում ռուսաստանյան ռազմական նավերից ավիահարվածները:
«Նման քայլերը խիստ անհանգստացնում են Ադրբեջանին, այդ թվում նաեւ այն պատճառով, որ ադրբեջանական նավթը մատակարարվում է Կասպից ծովի ափից», -ասել է ադրբեջանցի դեպանը:
Թերթը նշում է, որ Էլին Սուլեյմանովը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի այդ գործողությունների նկատմամբ Արեւմուտքի «մեղմ արձագանքով»:
Ռուսաստանի կասպյան նավատորմի ռազմական նավերը հոկտեմբերի 7-ին Կասպից ծովի իրանական հատվածում, Ռեշտ նավահանգստին մոտ դիրքերից «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի ռազմական կենտրոնների վրա, ինչին այն ժամանակ չեն արձագանքել ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ափամերձ Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը:
Արեւմտյան մամուլում կարծիքներ են հնչել, որ դրանով Ռուսաստանը զգուշացրել է նաեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի նման իրենց ռազմական նավատորմերն ուժեղացնել աշխատող առափնյա երկրներին: