Իրանը սկսել է կիրառել լրացուցիչ արձանագրությունը՝ չսպասելով Մեջլիսի կողմից դրա վավերացմանը
ՄիջազգայինԻրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխավորությունների շուրջ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կիրառման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոյի հաղորդագրությունում:
«Հոկտեմբերի 18-ին Իրանը գլխավոր տնօրենին տեղեկացրեց, որ Թեհրանը սկսում է կիրառել երաշխավորությունների շուրջ համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը՝ չսպասելով Մեջլիսի կողմից դրա վավերացմանը, ինչպես նաեւ ամբողջությամբ կատարել 3.1 փոփոխված կոդը»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ Վիեննայի համաձայնությունների, այսպես կոչված «ընդունման օրը» սահմանվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը հավանության արժանացնելուց 90 օր անց: Այսպիսով, հոկտեմբերի 18-ից սկսվում է միջոցառումների գործողության ժամկետների հաշվարկը, որոնք նախատեսված են Համատեղ համապարփակ գործողությունների պլանով եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւով:
Հուլիսի 14-ին Վիեննայում ընդունված համաձայնագրով, Նաթանզայի իրանական ձեռնարկություններում ցենտրիֆուգների թիվը կրճատվելու է երկու երրորդով՝ 19 հազարից հասնելով 6100 սարքի: Դրանցից միայն 5060-ն է 10 տարվա ընթացքում ուրան հարստացնելու: Միաժամանակ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 15 տարի շարունակ ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցի 3.67%-ը, իսկ դրա պաշարները 10 տոննայից հասնելու են 300 կգ-ի: