Վրաստանի խորհրդարանի խոսնակը խնդրում Է քաղաքական գործիչներին՝ հրաժարվել բռնության կոչերից
ՄիջազգայինԲոլոր քաղաքական գործիչները պետք Է հրաժարվեն բռնության եւ դիմակայության կոչերից:
Այդ մասին ասված Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի՝ հոկտեմբերի 22-ին տարածված հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հոկտեմբերի 18-ին տարածված տեսակադրերը՝ կտտանքների ու բռնության տեսարաններով, որոնք, ինչպես պարզվել Է, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների կողմից կատարվել են 2011 թվականին, հայտարարել Է, որ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամներն արժանի են վրաց ժողովրդի կողմից պատժվելուն:
«Իշխանության գլուխ գտնվող կամ ընդդիմությանը պատկանող բոլոր քաղաքական գործիչները միանշանակ եւ անվերապահորեն պետք Է հրաժարվեն բռնության եւ ֆիզիկական դիմակայության ուղղակի կամ անուղղակի կոչերից ու արդարացումներից»,-նշվում Է խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակված Է օրենսդիր մարմնի կայքում:
Վրաստանի խորհրդարանի ղեկավարն ասել Է, որ քաղաքական գործիչների հետ իր համագործակցությունը կախված կլինի այս պայմանների կատարումից:
«Այս նվազագույն ստանդարտների բավարարումն ապագայում կդառնա ցանկացած քաղաքական գործչի հետ իմ համագործակցության եւ երկխոսության շարունակման պայմանը»,-ասված Է Ուսուպաշվիլիի հայտարարության մեջ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է, որ վարչապետի ելույթը նպաստում Է երկրում իրադրության սրմանը, հաղորդել Է Sputnik-ը: