Սիրիայի մասնատումը կոպիտ ռազմավարական սխալ կլիներ. Իրանի խորհրդարանի խոսնակ
ՄիջազգայինՍիրիայի մասնատումը ահաբեկիչներին ձեռնտու ռազմավարական սխալ կլիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ Սոչիում ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում:
«Դա կոպիտ ռազմավարական սխալ կլիներ»,- ասել է նա: Լարիջանիի կարծիքով՝ նման ընթացքը կնշանակեր Սիրիայի տարածքի առանձին մասերի տիրելու ահաբեկիչների իրավունքի ճանաչում, ինչը կարող է մեծացնել զինյալների ակտիվությունը տարածաշրջանի մյուս երկրներում:
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ-ի գործողությունները շատ ավելի արդյունավետ են ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի գործողություններից: Նա նաեւ նշել է, որ արեւմտյան զինվորականներն աչք են փակում նավթի անօրինական առեւտրի վրա: «Կոալիցիան խաղում է ահաբեկչության հետ»,- ընդգծել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: