Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Կաչինսկու կուսակցությունը
ՄիջազգայինԼեհաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում ութերորդ գումարման Սեյմ (խորհրդարանի ստորին պալատ) է անցնում հինգ քաղաքական կուսակցություն, առաջատար դիրք է գրավում նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են էկզիտ-պոլերի տվյալները, որոնք պատրաստել է Ipsos ընկերությունը:
Սոցիոլոգների եզրակացությունների համաձայն՝ «Օրենք եւ արդարություն» պահպանողական կուսակցության օգտին, որը սերտորեն կապված է կաթոլիկ եկեղեցու հետ, քվեարկել է ընտրողների 38 տոկոսը: Եթե այս տվյալները հաստատվեն, կուսակցությունը 238 մանդատ կստանա 460 տեղանոց Սեյմում:
Վերջին ութ տարում Լեհաստանում իշխող վարչապետ Եվա Կոպաչի «Քաղաքացիական պլատֆորմ» (ՔՊ) կենտրոնամետ կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, ստացել է ձայների 23,4 տոկոսը, ինչը համապատասխանում է 135 մանդատի:
Սեյմ են անցնում նաեւ ռոք երաժիշտ Պավել Կուկիզի «Կուկիզ-15» կուսակցությունը (9,1 տոկոս-44 մանդատ), տնտեսագետ Ռիշարդ Պետրուի թիմը՝ «Նովոչեսնա» կուսակցության հետ միասին (7,2 տոկոս- 24 մանդատ), հեռացող կառավարող կուսակցության մեջ մտնող փոխվարչապետ Յանուշ Պեխոչինսկու Լեհաստանի գյուղացիական կուսակցությունը (5,7 տոկոս-18 մանդատ):
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 51,6 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: