Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի
ՄիջազգայինՇուրջ 180 մարդ է մահացել Աֆղանստանում, նաև` Հնդկաստանի և Պակիստանի մի քանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով;
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտնել է բրիտանական The Guardian-ը` նշելով, որ պաշտոնական տվյալներով` Պակիստանում մահացել է 147, Աֆղանստանում` 33 մարդ: Տուժած երկրների լեռնային շրջաններից դեռ ստացվում են ավերածությունների մասին տեղեկություններ:
Աֆղանստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Տալուկա քաղաքի դպրոցում մահացել է 12 աղջիկ, իսկ Բադախշան նահանգի ծայրամասային հատվածներում ավերվել են տասնյակ տներ: Ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են Քաբուլում, շատ կառույցներ մնացել են առանց էլեկտրամատակարարման, հեռախոսային կապի: Իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ դեռ բոլոր շրջանների մասին տեղեկությունները հավաքված չեն:
Երկրաշարժը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 13:19-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում Է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում եւ Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում եւ Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում եւ Նեպալում:
Պակիստանի օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 8,1: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը եւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: