Թուրքիայի իշխող կուսակցությունում Էրդողան-Արինչ դիմակայություն է սկսվել
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրների` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արինչի միջեւ դիմակայություն է սկսվել:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Արինչը սկսել է խստորեն քննադատել Էրդողանին: Նկատի ունենալով առաջիկա ընտրություններում խորհրդարանում ԱԶԿ-ի համար 400 պատգամավոր «ապահովելու» մասին Էրդողանի հայտնի հայտարարությունը` Արինչն օրերս հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ի հակառակ ոմանց կողմից արվող «400 պատգամավոր տվեք» հանձնարարությանը, ինքը նման բան չի ասելու:
Դրանից հետո Թուրքիայի պաշտոնական «Անատոլու» լրատվական գործակալությունը եւ պետական TRT հեռուստաալիքը Արինչին տեղեկատվական շրջափակման մեջ են առել:
Հասկանալով այդ պատվերի հեղինակի ով լինելը` Արինչն էլ հայտարարել է. «Ես ոմանց նկատմամբ կորցրել եմ հարգանքս: Մարդիկ պետք է ճիշտ ընտրեն իրենց կուսակցական ընկերներին»:
Բյուլենթ Արինչը հանդիսանում է ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկը` Թուրքիայի ներկայիս եւ նախկին նախագահներ Էրդողանի ու Աբդուլլահ Գյուլի հետ: