Ադրբեջանը Doing Business վարկանիշում Ռուանդայի եւ Յամայկայի միջեւ է
ՄիջազգայինՀամաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business-2016 բիզնեսի վարման հարմարավետության վարկանիշի վերաբերյալ հրապարակած զեկույցում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ տեղը եւ գտնվում է Ռուանդայի ու Յամայկայի միջեւ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանն անցյալ տարի 189 երկրների մեջ համաշխարհային այդ վարկանիշում զբաղեցրել էր 80-րդ տեղը:
Այս տարվա համաշխարհային վարկանիշում Հայաստանն ու Վրաստանը դարձյալ առաջ են անցել Ադրբեջանից:
Համաշխարհային Doing Business վարկանիշն արդեն տասներորդ տարին անընդմեջ գլխավորում է Սինգապուրը: Վարկանիշի առաջատարների տասնյակում են նաեւ Նոր Զելանդիան, Դանիան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան:
Հետխորհրդային տարածության երկրներից բիզնեսի հարմարավետության վարկանիշում առաջատարը Էստոնիան է: Նրան հետեւում են Լիտվան (22), Վրաստանը (24), Հայաստանը (35), Բելառուսը (44), Ռուսաստանը (51), Մոլդովան (52), Ղրղզստանը (67), Ուկրաինան (83), Ուզբեկստանը (87) եւ Տաջիկստանը (132):