Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
ՄիջազգայինԱդրբեջանի «Մուսավաթ» կուսակցության ղեկավար կազմի այսօր անցկացրած նիստում որոշում է ընդունվել չմասնակցել նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըն:
Մինչ այդ որոշումը «Մուսավաթ» կուսակցությունից նախընտրական արշավին մասնակցում էին պատգամավորության 25 թեկնածուներ: Կուսակցության առաջնորդը հույս է հայտնել, որ թեկնածուները հարգանքով կվերաբերվեն կուսակցության որոշմանը եւ կհրաժարվեն ընտրություններին մասնակցությունից:
Ավելի վաղ «Մուսավաթ»-ն իշխանություններին առաջարկել էր դադարեցնել ընտրությունները եւ դրանք անցկացնել 4 ամիս հետո` մինչ այդ ազատ արձակելով բոլոր քաղաքական բանտարկյալներին, եւ բոլոր քաղաքական ուժերի ու թեկնածուների համար դեմոկրատական պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծել:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին արդեն հայտարարել էին իրական ընդդիմությունը` այդ թվում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատը, ինչպես նաեւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի մեջ մտնող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:
Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունների դիտորդությունից պաշտոնապես հրաժարվել են նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը: