Միջազգային ավիացիոն կոմիտեն չգիտի, թե A321-ն ինչու Է կործանվել օդում
ՄիջազգայինԵգիպտոսում աղետի ենթարկված A321 ինքնաթիռը կործանվել Է օդում, բայց աղետի պատճառների մասին եզրակացություններ անելն առայժմ վաղ Է, լրագրողներին հայտնել Է Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն հանրանավի կործանման վայրի զննումից հետո, տեղեկացնում Է BBC-ը:
«Առայժմ վաղ Է խոսել եզրակացությունների մասին: Կործանումը տեղի Է ունեցել օդում, եւ բեկորները ցրիվ են եկել մեծ տարածության վրա (շուրջ 20 քառակուսի կիլոմետր)»,- ասել Է նա:
Ավելի վաղ միջազգային հանձնաժողովը, որը բաղկացած Է ռուսաստանցի, ֆրանսիացի եւ եգիպտացի մասնագետներից, Կահիրեում ձեռնամուխ Է եղել «սեւ արկղի» բովանդակության ուսումնասիրմանը, որը գտնվել Է հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում աղետի ենթարկված Airbus A321 ինքնաթիռի օդաչուների խցիկում: Մինչ այդ Եգիպտոսի եւ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ առայժմ շատ վաղ Է խոսել աղետի պատճառների մասին:
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի զինյալները Սինայի թերակղզում արդեն մի քանի տարի կռվում են կառավարական ուժերի դեմ, ստանձնել Է ռուսական հանրանավի կործամնան պատասխանատվությունը: Բայց Ռուսաստանի եւ Եգիպտոսի իշխանությունները գրեթե անմիջապես այդ պնդումները համարել են անհավաստի:
Boeing ընկերության ավիացիոն անվտանգության հարցերի գծով ինժեներ Թոդ Քերտիսն Associated Press գործակալությանը պատմել Է, որ A321-ի նման ինքնաթիռներն օդում կործանվում են ամենից հաճախ երեք պատճառներից մեկով. աղետալի եղանակային պայմաններ, բախում օդում կամ արտաքին ներգործություն, ինչպիսին հրթիռն Է:
Եթե այս երեք պատճառներից ոչ մեկի նշանները չկան, հետաքննությունն ուսումնասիրում Է այլ հնարավորություններ. ինչպիսիք են հրդեհն ինքնաթիռում կամ վերջինիս հենամարմնի կոռոզիան: