Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը կրկնակի ընտրություններ է պահանջում
ՄիջազգայինԱդրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չի ճանաչում նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պահանջում է կրկնակի ընտրություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն:
Ընտրություններն անցել են հակադեմոկրատական իրավիճակում, ընտարտեղամասերի իշխանամետ հանձնաժողովների ամբողջական վերահսկողության տակ, մրցակցության կոպիտ խախտմամբ, ինչպես նաեւ քարոզչության սկզբունքների եւ հնարավորությունների խախտումներով:
Փաստորեն, ընտրություններն անցել են անայլընտրանքի եւ հասարակության անվստահության պայմաններում, ասել է նա:
«Դիտորդների հաշվարկներով, ընտրություններում իրականում մասնակցել են 10 տոկոս ընտրողներ: Դա նշանակում է, որ ժողովուրդն ուղղակիորեն բոյկոտել է ընտրությունները, ինչը հանդիսանում է իշխանությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքը», -ասել է Հաջըլըն:
Նրա խոսքով` ընտրությունների օրը տեղի են ունեցել բազմաթիվ իրավախախտումներ եւ կեղծարարություններ: Արիֆ Հաջըլըն հիշեցրել է, որ վերջին պահին կուսակցությունը հրաժարվել է ընտրություններին մասնակցությունից:
«Ընտրություններին մասնակցությունը մարտավարություն էր: Մենք ցանկացանք ցուցադրել, որ չնայած ազատ մամուլի նկատմամբ հետապնդումններին, բռնաճնշումներին, ճնշումներին, հասարակությունը կարող է պայքարել: Մենք դարձանք մասշտաբային կեղծարարությունների, ինչպես նաեւ ժողովրդի դիմադրության վկա», -ասել է Հաջըլըն:
Նա հայտնել է, որ իրավախախտումների հետ կապված կուսակցությունը մտադիր է դիմել տեղական եւ միջազգային դատարաններ:
«Մենք պայքարը կշարունակենք ունեցած ռեսուրսներով», -ասել է նա: