Բրազիլիայում առնվազն 17 մարդ է զոհվել ամբարտակների փլվելու հետեւանքով
ՄիջազգայինԲրազիլիայում առնվազն 17 մարդ է զոհվել Մինաս-Ժերայսի հարավարեւելյան նահանգում երկու ամբարտակների փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հայտնել է արտակարգ պատահարի վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օուրու Պրետու քաղաքի հրշեջ պահպանու թյան ներկայացուցիչը:
Ամբարտակները, որոնք արգելափակում էին մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը, փլուզվել են տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 22:00-ին): Արտակարգ պատահարի հետեւանքով ջրասույզ է եղել այն տարածքը, որտեղ ավելի քան 200 շենք էր գտնվում: Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանցում շուրջ 600 մարդ էր բնակվում: Փրկարար գործողությանը, հրշեջներից բացի, մասնակցում են զինվորական ոստիկանության եւ մունիցիպալ պահպանության ստորաբաժանումները: Բացառված չէ, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղի տասնյակ բնակիչներ անհայտ կորել են:
«Հեղուկ թափոնների հորձանքն ավերել է բնակելի շենքեր, դպրոցը, եկեղեցին, բուժկենտրոնը, քշել-տարել է ավտոմեքենաներ: Շատ ընտանիքներ զրկվել են օթեւանից: Փրկարար աշխատանքները դանդաղում են, քանի որ հեղեղված շրջաններ կարելի է հասնել միայն ուղղաթիռների օգնությամբ»,- հայտնել է Մինաս-Ժերայսի նահանգի առողջապահության նախարար Ժուլիանու Դուարտեն:
Մետաղագործական արդյունաբերության աշխատողների տարածաշրջանային արհմիության ներկայացուցիչ Ռոնալդու Բրենտուի տվյալներով՝ թափոնները խիստ թունավոր են: Նրա կարծիքով՝ ամբարտակների փլուզումը կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: