Ինդոնեզիայում երկու օդանավակայան շարունակում է փակ մնալ հրաբխի ժայթքման հետեւանքով
ՄիջազգայինԲալիից դեպի արեւելք ընկած ինդոնեզիական Լոմբոկ կղզում երկու օդանավակայան առնվազն մինչեւ կիրակի առավոտ փակ կմնա Ռինջանի հրաբխի ժայթքման հետեւանքով, մյուսները գործում են, շաբաթ օրը հայտնել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Իգնասիուս Ջոնանը (Ignasius Jonan)։
«Միջազգային Լոմբոկ-Պրայա օդանավակայանը եւ Սելապարանգ օդանավակայանը փակ կմնան, մինչեւ Կենտրոնական Ինդոնեզիայի ժամանակով վաղը ժամը 7.00-ը»,- նախարարի խոսքերն է մեջբերում համացանցային Detik.com լրատվական պորտալը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ Ռինջանիի ժայթքման հետեւանքով մոտ 36 ժամ փակված Նգուրահ-Ռաի օդանավակայանը Բալիում եւ Յավա կղզու արեւելյան ծայրամասում գտնվող Բանյուվանգի քաղաքի Բլիմբինգսարի փոքրիկ օդանավակայանը դեռեւս ուրբաթ ցերեկը բացվել են։ Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Սուպրասեթոյի (Suprasetyo) խոսքով, հրաբխային փոշու ամպը այդ շրջանում դադարել է սպառնալ թռիչքներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ, մի շարք արտասահմանյան ավիաընկերություններ, վկայակոչելով միջազգային՝ Հրաբխային փոշու խորհրդատվական կենտրոն (Volcanic Ash Advisory Centre — VAAC) փորձագիտական ցանցի տվյալները, շարունակում են հրաժարվել Բալիի կղզի թռիչքներ իրականացնելուց։ Սակայն նրանցից ոմանք արդեն հայտնել են թռիչքների մոտալուտ վերականգնման մասին։