«Իսլամական պետությունը» գերությունից արձակել է 37 տարեց քրիստոնյայի
ՄիջազգայինԻրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերությունից ազատ են արձակել 37 տարեց քրիստոնյա ասորիների, ովքեր գերեվարվել էին ընթացիկ տարվա փետրվարին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ազատ արձակվածների մեջ կա 27 կին, 10 տղամարդ: Աղբյուրը մանրամասնում է, որ գրոհայինների նման պահվածքի պատճառները հայտնի չեն: Ըստ մեկ վարկածի՝ նրանք ազատ են արձակվել եկեղեցու վարած բանակցությունների շնորհիվ, իսկ մի մասն էլ պնդում է, որ գերիների համար վճարվել է խոշոր փրկագին:
Կայքը հիշեցնում է, որ փետրվարին իսլամիստները հարձակվել են Սիրիայի Հաբուրա շրջանում տեղակայված մի շարք քրիստոնեական բնակավայրերի վրա` գերեվարելով 250 մարդու:
Նրանց ազատ արձակելու համար գրոհայինները պահանջել են 23 մլն դոլար`սպառնալով հակառակ դեպքում սպանել բոլորին: Աղբյուրը հավելում է, որ ներկայում 140-150 մարդ շարունակում է որպես գերի մնալ «Իսլամական պետության» մոտ: