Մոսկվայում մեկնարկել Է Եվրոպական եւ ասիական մեդիայի ութերորդ համաժողովը
ՄիջազգայինՄոսկվայում նոյեմբերի 10-ին մեկնարկել Է Եվրոպական եւ ասիական մեդիայի համաժողովը (ԵԱՄՀ), որի կազմակերպիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունն Է: Լիագումար նիստի բացմանը ելույթ են ունեցել գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը եւ «Ռոսիյա Սեգոդնյա»-ի գլխավոր խմբագիր, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵԱՄՀ-2015-ի թեման Է «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում»: Համաժողովին մասնակցում են հետխորհրդային տարածքի 14 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի առավել հեղինակավոր եւ ժողովրդականություն վայելող ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրները եւ թոփ-մենեջերները, խոշոր հեռուստառադիոընկերությունների եւ ինտերնետ-պորտալների ղեկավարներ, մեդիա-բիզնեսի փորձագետներ եւ հայտնի լրագրողներ: Հայաստանից համաժողովին մասնակցում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
ԵԱՄՀ-2015-ի հիմնական օրակարգը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ԶԼՄ-ների փոխգործակցությունն Է տարատեսակ քաղաքական ու տնտեսական գործընթացների պայմաններում: Սպասվում Է, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի ուշադրություն կդարձնեն մեդիայի եւ իշխանության երկխոսությանը, եվրասիական ինտեգրացման շրջանակներում տեղեկատվական գործակցության ռազմավարության մշակմանը:
Համաժողովի շրջանակներում պլանավորված են թեմատիկ երեք քննարկումներ՝ «Եվրասիական տեղեկատվական տարածությունը. մարտահրավերներ ու ռիսկեր», «Մեդիաինդուստրիա. պահպանել լսարանն ու իմիջը», «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում»:
Եվրոպական եւ ասիական մեդիահամաժողովը հետխորհրդային տարածքում նմանօրինակը չունեցող եզակի հարթակ Է, որը հավաքում Է ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին՝ քննարկելու մեդիաինդուստրիայի զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում Է 2006 թվականից: Առաջին չորս համաժողովները տեղի են ունեցել Մոսկվայում, այնուհետեւ ԵԱՄՀ-ն ընդունել են Կիեւը, Աստանան, Մինսկը: