Պորտուգալիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել նոր կառավարությանը
ՄիջազգայինՊորտուգալիայի ձախամետ կուսակցությունների պատգամավորներն անվստահություն են հայտնել ընդամենը 11 օր առաջ Պեդրու Պասսուշ Կոելյուի ձեւավորած կառավարությանը: Այսպիսով, Պորտուգալիան երկրում ժողովրդավարության հաստատման 40-ամյա պատմության մեջ ամենից կարճատեւ կառավարության «ռեկորդ» է սահմանել:
Նախարարների կաբինետը խորհրդարանի դիտարկմանն էր ներկայացրել իր ծրագիրը: Քվեարկության արդյունքում այն չի ընդունվել, քանի որ ձախամետ ուժերին՝ Սոցիալիստական, Կոմունիստական կուսակցություններին եւ «Ձախ բլոկին» հաջողվել է կոալիցիա կազմել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հիմա նրանք կփորձեն վարչապետի պաշտոնում հաստատել իրենց թեկնածուին՝ Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիու Կոշտային:
Հոկտեմբերի 4-ի ընտրություններում իշխող աջամետ կոալիցիան (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/Պորտուգալիայի Ժողովրդական կուսակցություն (PSD/CDS-PP))՝ Կոելյուի գլխավորությամբ, խորհրդարանում 104 տեղ ստացավ, Սոցիալիստական կուսակցությունը՝ 85, Ձախ բլոկը՝ 19, Կոմունիստական կուսակցությունը՝ 14: