Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից պետբյուջե կատարած մուտքերը կրճատվել են 18,8 տոկոսով
Միջազգային2015 թվականի 10 ամիսներին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից պետբյուջե կատարած մուտքերը 18,8 տոկոսով կրճատվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ SOCAR-ի համար պետբյուջե հարկային վճարումների գծով 2015 թվականի պլանը սահմանվել է 1,5 մլրդ մանաթ մակարդակի: 2014 թվականին այդ ցուցանիշը SOCAR-ի համար կազմել էր 1,855 մլրդ մանաթ:
SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարարներից մեկը:
Նավթի համաշխարհային գների եւ ընթացիկ տարվա փետրվարին ադրբեջանական մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: