Թուրքիայի ոստիկանությունը կրկին ազատ մամուլը ճնշելու փորձ է արել
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները շարունակում են ազատ մամուլի ձայնը ճնշելուն ուղղված իրենց գործողությունները: Այս անգամ թուրքական ոստիկանությունը հետախուզում է անցկացրել Ֆեթուլլահ Գյուլենին հարող թուրքական հայտնի «Զաման» պարբերականի հրատարակչատանն ու խմբագրատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, ոստիկանությունը որպես հիմնավորում բերել է այն փաստը, թե հրատարակչատանն անօրինական կերպով փորձ է արվել թողարկել Özgür Bugün խորագրով նոր պարբերական: Ոստիկանության հիմնավորմամբ՝ դրա հրատարակումը ձեռնարկել են գյուլենական համարվող Ipek Koza մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող Bugün և Millet պարբերականների այն աշխատակիցները, ովքեր հեռացվել են աշխատանքից իշխանությունների նշանակված վերակացուի կողմից:
Ոստիկանությունը դատարանից խուզարկություն իրականացնելու թույլտվություն է խնդրել, սակայն դատարանը մերժել է այդ խնդրանքը բավարար հիմնավորումների բացակայության պատճառով: Այդուհանդերձ, ոստիկանությունը խմբագրության մոտ է եկել ջրցան մեքենաներով և ոստիկանական ուղղաթիռներով: Իրավապահները ներխուժել են ոչ միայն «Զաման»-ի գրասենյակ, այլև Aksiyon և Todays Zaman պարբերականների խմբագրություններ: Նշվում է, որ ոստիկանները խուզարկել են անգամ լրագրողների անձնական իրերը:
«Զաման»-ի աշխատակիցներն ու ընթերցողները, իմանալով ոստիկանության կողմից իրականացված եհրթական հարձակման մասին, հավաքվել են պարբերականի խմբագրատան շենքի առջև և իրենց աջակցությունը հայտնել «Զաման»-ին: