Իրանը ողջունում է ԵԱՏՄ-ին միանալը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը կարող է լուծվել երկու-երեք տարվա ընթացքում, Թեհրանն ընդհանուր առմամբ ողջունում է այդ գաղափարը: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի կապի եւ հաղորդակցությունների նախարար Մահմուդ Վաեզին, որը ՌԴ-Իրան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է:
«Ընդհանուր առմամբ մենք ողջունում ենք այդ գաղափարը, բայց նման ընդգրկուն հարցի շուրջ քննարկումները ժամանակ են պահանջում: Հարկավոր է մեծ աշխատանք կատարել տարբեր նախարարությունների մակարդակով եւ քննարկել բազմաթիվ հարցեր, բանակցությունները կարող են տեւել երկու-երեք տարի»,- հայտարարել է նա Մոսկվայում կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի կուլիսներում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: