PKK-ն Լիջեում երկու թուրք զինվոր է սպանել
ՄիջազգայինԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) շարունակում է հարձակումներ իրականացնել ուժային կառույցների ներկայացուցիչների վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» պարբերականը, այս անգամ PKK-ն գործողություն է իրականացրել Դիարբեքիրի Լիջե գավառում:
Ճանապարհային անվտանգությունն ապահովող թուրք զինվորների ճանապարհին PKK-ի մարտիկների նետած ականի պայթյունի հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է 2 զինվոր: Լիջեում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ միակողմանի զինադադարը վերացնելու մասին: ՔԲԿ-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ «կրակի միակողմանի դադարեցմանը վերջ է տրվել թուրքական իշխող կուսակցության ռազմական քաղաքականության եւ վերջին գրոհների պատճառով»: ՔԲԿ -ն միակողմանի զինադադար էր հայտարարել Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ` հոկտեմբերի 10-ին: