Մարոկոյում ակցիա է անցկացվել ի հիշատակ Փարիզում ահաբեկչության զոհերի
ՄիջազգայինԿասաբլանկայում՝ Մարոկոյի խոշորագույն քաղաքում, նոյեմբերի 15-ի երեկոյան ակցիա է անցկացվել ի նշան նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքների հետ համերաշխության: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, դրան մասնակցել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, մարոկոյացի հայտնի մտավորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, լրագրողներ ու իրավապաշտպաններ:
Նրանք հավաքվել են Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջեւ՝ զորակցություն հայտնելու նրանց հարազատներին ու մորձավորներին, ովքեր զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով, ինչպես նաեւ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Ակցիայի մասնակիցները լռության րոպե են անցկացրել ի հիշատակ բազմաթիվ զոհերի: Հավաքվածները համակարծիք էին, որ ահաբեկչությունը բարբարոսության խորհրդանիշն է, ինչն ամենայն դաժանությամբ դրսեւորվեց Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գրոհների ժամանակ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: