Ադրբեջանում նավթի արդյունահանման օրական ծավալը 30 հազար բարելով նվազել է. ՕՊԵԿ
ՄիջազգայինՆավթ արդյունահանող երկրների միության` ՕՊԵԿ-ի գնահատականներով, Ադրբեջանում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի արդյունահանման օրական ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30 հազար բարելով կրճատվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ասվում է ՕՊԵԿ-ի նավթի շուկայի գծով նոյեմբերի12-ին հրապարակված զեկույցում:
2015 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը ՕՊԵԿ-ի կողմից կանխատեսվում է օրական 0,86 մլն բարել մակարդակի, ինչը օրական 10 հազար բարելով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից:
2016 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կանխատեսվում է նվազեցնել` հասցնելով օրական 0,82 մլն բարել մակարդակի:
ՕՊԵԿ-ն ավելի վաղ կանխատեսել էր, որ ադրբեջանական «Ազերի Light» տեսակի նավթի նկատմամբ աճող մրցակցության պատճառով 2015 թվականին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալը, անցյալ տարվա համեմատ, օրական 10 հազար բարելով կնվազի:
Ըստ ՕՊԵԿ-ի` ադրբեջանական նավթի վաճառքի ծավալները կրճատվելու են կապված Մերձավոր Արեւելքից կատարվող այլընտրանքային մեծ առաջարկի եւ եվրոպական նավթավերամշակման գործարաններում նավթի պաշարների մեծ կուտակումների հետ:
Bloomberg-ն էլ իր հերթին հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադարձից հետո սեւ ոսկու գինը կտրուկ նվազելու է: Համաշխարհային բանկի փորձագետներն էլ կանխատեսում են, որ նման դեպքում նավթի մեկ բարելի գինը կընկնի եւս 10 դոլարով:
Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ը չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:
Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: OPEK-ի դեկտեմբերյան զեկույցում կանխատեսվում է, որ նավթի նկատմամբ պահանջարկը 2015 թվականին կլինի վերջին 12 տարվա մեջ նվազագույնը: