Թուրքիայի նորընտիր պատգամավորների երդմկնակալության արարողությունն ավելի քան 9 ժամ է տևել
ՄիջազգայինԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությամբ իր աշխատանքն է սկսել 26-րդ գումարման մեջլիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» գործակալությունը:
Մեջլիսի 550 պատգամավորներ երդվել են 9 ժամ և 15 րոպեի ընթացքում: Արարողությանը դահլիճից հետևել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մեջլիսի նախագահությունը ժամանակավորապես ստանձնել է ամենատարեց պատգամավորը՝ Դենիզ Բայկալը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Զանայի երդումը մեջլիսի նախագահը չի ընդունել: Պատճառն այն է, որ Զանան հեռացել էր երդման համար տրված տեքստից, ելույթը սկսել էր քրդերեն, իսկ վերջում «Թուրք ազգ» արտահայտության փոխարեն ասել էր «Թուրքիայի ազգ»: Բայկալը նրան կրկին հրավիրել է ամբիոնի մոտ՝ երդումը կրկնելու, սակայն վերջինս չի գնացել:
Արարողությանը ներկա չի եղել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, ով նախօրեին քթի վիրահատություն էր տարել:
Նիստերի դահլիճ Էրդողանի մտնելու ժամանակ նրան ողջունել են միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, իսկ ընդդիմադիր կուսակցության անդամները ոտքի չեն կանգնել ու չեն ծափահարել նրան: Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի երդմնակալությունից հետո լքել է դահլիճը:
ԺԴԿ բոլոր պատգամավորները կրծքին սև ժապավեն են ունեցել, իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը կոստյումին փակցրել է ՀԺԿ-ական այն երիտասարդների լուսանկարները, ովքեր զոհվել էին Անկարայի ահաբեկչության ժամանակ:
Նոյեմբերի 17-ին Էրդողանը նախագահական պալատում ընդունել է Ահմեդ Դավութօղլուին և նրան է հանձնարարել կազմել հանրապետության 64-րդ կառավարությունը: