Ասադն իր պաշտոնաթողությունը հնարավոր Է համարում միայն ժողովրդի կամքով
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր պաշտոնաթողության հնարավորությունը կախված է բացառապես սիրիական ժողովրդի կամքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությունն արել է նոյեմբերի 17-ին Valeur Actuel ֆրանսիական տնտեսական հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Իմ պաշտոնաթողության հնարավորության հարցը չպետք է քննարկվի միջազգային խորհրդաժողովներում,- ասել է Ասադը:- Իմ պաշտոնաթողությունը կախված է բացառապես սիրիական ժողովրդի կամքից եւ խորհրդարանի որոշումներից»:
Անդրադառնալով օրերս Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին՝ նախագահն ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, ուղղակի ահավոր է: Բայց Ֆրանսիան չի կարողանա հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ, եթե շարունակի հանդես գալ որպես Քատարի եւ Սաուդյան Արաբիայի դաշնակից»: Նա հավելել է, որ Սիրիան Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ կփոխանակի միայն այն դեպքում, եթե Փարիզը փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: